
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը փաստորեն չի հերքել տեղեկությունները, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել կուսակցությունը: Ավելին՝ Նաիրա Զոհրաբյանը ըստ էության նույնիսկ ակնարկել է, որ կա դրա համար համապատասխան «ազգովի խնդրանքի» մթնոլորտ: Նա ասում է, որ բոլոր մարզերում բարձրացնում են Ծառուկյանի վերադարձի հարցը: Ըստ Զոհրաբյանի, իրենք էլ նրան տեսնում են կուսակցության նախագահ:
Այսպիսով, ըստ էության, 2015 թվականի փետրվարից ի վեր երևի թե առաջին անգամ քիչ թե շատ որոշակի է խոսվում Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին: Առիթ ունեցել ենք այս մասին դիտարկելու, որ հարցը տվյալ պարագայում այն է լինելու, թե ո՞ւմ աջակցելու համար է վերադառնալու Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ վարչապետի պաշտոնից հեռացված Հովիկ Աբրահամյանին:
Այստեղ, իհարկե, Ծառուկյանի վերադարձի մասով արժե վերհիշել այն շրջանը, երբ նա հեռացվեց քաղաքականությունից: 2014 թվականի գարնանը Ծառուկյանի գլխավորած ոչիշխանական բևեռն ըստ էության հասավ նրան, որ հեռացվի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նշանակվի այդ բևեռի ոչ պաշտոնական գործընկեր կամ վստահորդ Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում՝ Աբրահամյանը նշանակվեց կարծեք թե երկու հիմնական մոտիվով: Նախ՝ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում էր փոխզիջումային լուծում առաջարկել ոչիշխանականներին, մյուս կողմից՝ այդպիսով նա փորձեց, իհարկե, նրանց շարքերում որոշակի տարակարծություններ ու հակասություններ սերմանել՝ կապված Ռոբերտ Քոչարյան-Հովիկ Աբրահամյան դիլեմայի հետ: Պատահական չէ, որ ժամանակի ընթացքում սկսվեցին Քոչարյան-Աբրահամյան փոխադարձ կսմիթներ: Բայց եթե այդ մոտիվն աշխատեց, մյուսը՝ փոխզիջումը, կարծեք թե՝ ոչ, և աշնանն արդեն, ոչիշխանական բևեռը հայտարարեց, որ 2015-ի գարնանը սկսելու է շարժվել դեպի Սերժ Սարգսյանի դիրքերը: Այդտեղ, ահա, փետրվարին Սերժ Սարգսյանը որոշեց հեռացնել Ծառուկյանին՝ քանդելով ոչիշխանական բևեռը:
Ներկայումս Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռացված է և զգալիորեն թուլացված: Միաժամանակ, ոչիշխանական բևեռի առանցքային սեգմենտներից մեկը հանդիսացող Վարդան Օսկանյանն արդեն ունի իր կուսակցությունը, իսկ ՀԱԿ-ն էլ պայմանավորվում է Սերժ Սարգսյանի հետ:
Նման իրավիճակում Ծառուկյանը ըստ էության մնացել է մենակ, և նրա վերադարձը արդեն ստանում է լիովին նոր երանգ և, ըստ էության, ոչիշխանական բևեռ-ԲՀԿ նախկին ֆունկցիոնալությունից, ներկայիս վերադարձի պայմաններում, կարող է մնալ լոկ իշխանություն-հասարակություն միջակայքում «բուֆերային» նշանակությունը կամ իշխանության համար «անվտանգության բարձիկի» նշանակությունը, որը կարևոր է 2017-ի ընտրություններից առաջ, անհրաժեշտ արդյունքները հնարավորինս սահուն ստանալու, միաժամանակ նաև ընդդիմադիր ուժերի հնարավորությունները նվազեցնելու համար: Ահա այդ համատեքստում Ծառուկյանի վերադարձը, իհարկե, ոչ արդեն անվերապահորեն որոշված, սակայն ներիշխանական վերադասավորումներում լիովին դիտարկվող իրողություն կարող է լինել, սցենարների եթե ոչ ամենաառաջնային, այնուհանդերձ արդեն ամենևին էլ ոչ ամենահեռավոր գզրոցում: